ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը նշեց հիմնադրման 30-ամյակը

05.06.2023

2023 հունիսի 5-ին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում(Էկոկենտրոն) տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին։
Միջոցառումները մեկնարկեցին Երևանի բուսաբանական այգում, որտեղ տեղի ունեցավ կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված հիշատակի անվանական նստարանի բացումը։ Հոբելյանական միջոցառումները տեղափոխվեցին Էկոկենտրոն, որտեղ հավաքվել էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, կենտրոնի աշխատակիցները, պրոֆեսոր Սաղաթելյանի աշակերտները, ընկերները, ընտանիքի անդամները։

 

«Արմեն Սաղաթելյանը լավ գիտնական և գիտության լավագույն կազմակերպիչներից էր։ Իր անձնակազմն իր փոքր ընտանիքն էր, իրենցով էր ապրում, առաջ տանում իր աշխատանքային գործունեությունը և հասնում հաջողությունների։ Ես պետք է նաև նշեմ Արմենի նվիրվածությունն Արցախին։ Արմենի նմանների գործը պետք է պատմություն դառնա։ Մենք պետք է հիշենք Արմեն Սաղաթելյանին որպես մեծ գիտնականի, լավ ընկերոջ, հայրենասերի», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ 
Միջոցառման ժամանակ ցուցադրվեց Արմեն Սաղաթելյանի հիշատակին նվիրված ֆիլմ։ Լիլիթ Սահակյանը շնորհակալագրեր հանձնեց կենտրոնի մի շարք աշխատակիցների՝ երկարատև, նվիրյալ և բարեխիղճ աշխատանքի համար։